ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԵՎՈՐԳ ԱՖՐԻԿՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ

21.10.2019

Հենաշարժողական խնդիրներ ունեցող Գևորգը Գավառ քաղաքում սահմանեց հերթական ռեկորդը: Նա չորեքթաթ քաշեց 6 տոննա 35 կգ ընդհանուր քաշով 3 մեքենա՝ 9մ 10սմ հատվածով; Այս ռեկորդը աննախադեպ էր և առաջինը կատարվեց Գևորգի կողմից; Ռեկորդը գրանցվեց դյուցազունների ասոցացիայի «Դյուցազնագրքում»; Հայտն ուղարկվելու է նաև Գինեսի ռեկորդների հանձնաժողով՝ Գինեսի գրքում ևս գրանցելու համար:
Գևորգին իրենց ներկայությամբ ոգևորում էին «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտի) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Գևորգի մարզիչ Արման Հայրապետյանը, Գավառի համայնքապետարանի աշխատակիցներն ու Գավառի բնակիչները:

Վարդան Թովմասյանը իր խոսքում նշեց, որ սա աննախադեպ ռեկորդ էր. «Նույնիսկ առողջ մարզիկները կդժվարանան այս քայլն անել, սակայն Գևորգը խիզախեց և ռեկորդը գրանցեց»,- ասաց Վարդան Թովմասյանը:

Գագիկ Սարոյանն էլ իր հերթին կարևորեց ու արժևորեց Գևորգի նպատակասլացությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում նույնպես Գևորգը կշարունակի զարմացնել իր յուրօրինակ ռեկորդներով:
20-ամյա մարզիկը ոգևորված էր և հպարտ. Նա իր խոսքում նշեց, որ ցանկացած գործի դեպքում անհրաժեշտ է կամք, որն էլ նրա հաջողությունների գրավականն է:

Այսանով սակայն Գևորգը չի սահմանափակվի. առաջիկայում նա պատրաստվում է մասնակցել Լեհաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը:

Ասենք նաև, որ Գևորգը զբաղվում է ուժային եռամարտով և Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն է ու ռեկորդակիր: