ԳԱՎԱՌՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

19.11.2018

Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառ քաղաքում մասնակցեց Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Թատրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2011 թվականից: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից ծախսվել է 780 մլն դրամ:Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Կարմիր ժապավենը կտրեցին Լիլիթ Մակունցն ու թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը, որից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջեց թատրոնի շենքում, ծանոթացավ նորակառույց շենքի պայմաններին և շփվեց դերասանական կազմի ու թատրոնի աշխատակիցների հետ; Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է թատրոնի վերակառուցումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Գեղարքունիքի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանը: Նա նաև հավելե է, որ  մշակույթի ոլորտը ՀՀ կառավարության համար համարվում է առաջնահերթություն: Նա տեղեկացրել է, որ պետությունը 400 մլն դրամով ավելացրել է թատրոնների, թանգարանների և համերգասրահների ֆինանսավորումը, սակայն վերջիններս պետք է նաև բարձրացնեն իրենց կառավարման մակարդակը և քայլեր ձեռնարկեն, որպեսզի հանդիսատեսը ցանկանա գնալ հենց իրենց թատրոն:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մոմ վառեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում և մարզպետարան քայլելու ճանապարհին շփվեց բնակիչների հետ, պատասխանեց նրանց հարցերին և լուսանկարվեց նրանց հետ: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրերց քաղաքի նորակառույց անձնագիր -հուշապատը և համայնքում իրականացվող ու իրականացվելիք ծրագրերը: Գեղարքունիքի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցեցին մարզպետարանի, պետական կառույցների աշխատակիցներ և համայնքների ղեկավարներ ու դպրոցների տնօրեններ;