Գավառում կայացավ <<Մեծ փուռ-2018>>-ը

29.09.2018

«Քյավառա կարտոլը»  դարձել է հայտնի բրենդ՝ իր համային, որակական հատկանիշների եւ այն աճեցնող մարդկանց  հյուրընկալության շնորհիվ: Արդեն 4-րդ տարին է, ինչ Գավառի տարածաշրջանում Վորլդ Վիժնը կազմակերպվում է <<Մեծ փուռ>> փառատոնը, որով էլ ազդարարվում է կարտոֆիլի բերքահավաքի մեկնարկը: Փառատոնին հյուրասիրում են կարտոֆիլից պատրաստված կերակրատեսակներ, տարածաշրջանին բնորոշ զանազան ուտեստներ, աշնան բերք ու բարիքը:

Գավառ քաղաքի զբոսայգում կայացած «Մեծ փուռ- 2018» փառատոնին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, հյուրեր՝ աշխարհի տարբեր երկրներից:  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության  Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում ստեղծված Գանձակ և Սարուխան համայնքների կարտոֆիլ արտադրողների 2 խմբերի կողմից կազմակերպվեց «Փռի կարտոլի» հյուրասիրություն: Հյուրերը շրջում էին տաղավարներով, վայելում տոնական մթնոլորտը և հյուրասիրվում :

Միջոցառման նախաձեռնողների խոսքերով «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Փառատոնի աջակիցն է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականցվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:

Վաճառքի տաղավարներում տարածաշրջանի արտադրողները ներկայացրին  քյուֆթա, արիշտա, փախլավա, գաթա և ավանդական այլ ուտեստներ: Ի դեպ, քյուֆթայի և արիշտայի պատրաստման տաղավարներում այցելուները  հնարավորություն ունեցան՝ տեսնելու և մասնակից դառնալու դրանց պատրաստման արարողությանը: Մասնակցող ավելի քան 3000 այցելուների  համար ստեղծվել էր տոնական միջավայր և խոհանոցային նորանոր բացահայտումների առիթ:

Փառատոնն կուղեկցվեց ժողովրդական երգ ու պարով, այցելուների մասնակցությամբ կազմակերպվեցին տարատեսակ հետաքրքիր մրցույթներ և սպորտային խաղեր: