<ՆԱՐԷ> ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԳԱՎԱՌՈՒՄ

28.09.2018

ՆԱրէ երգչախումբը  տարեցների համաշխարհային օրվան ընդառաջ Գավառի երաժշտական դպրոցում հանդես եկավ նոր համերգային ծրագրով: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:Միջոցառմանը  հրավիրված էին Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ <<Միայնակ տարեցների տնային խնամք>>  ծրագրի շահառուները, երաժշտասերներ, քաղաքացիներ:

ՆԱրէ երգչախումբը ստեղծվել է 2015թ.-ին՝ Նարինե Դավթյանի ղեկավարությամբ: Կարճ ժամանակահատվածում երգչախումբը հասցրել է ունենալ հարուստ ծրագիր. համերգներին հնչում են ժողովրդական երգերի մշակումներ, հայ դասականների, արևմտաեվրոպական կոմպոզիտորների գործեր: Երգչախմբի անդամներից յուրաքանչյուրը ժամանակին ստացել է երաժշտական կրթություն, ընդգրկված է եղել տարբեր երգչախմբերում: 

ՆԱրէ երգչախումբը այս երեք տարիների ընթացքում հանդիսատեսին ներկայացել է համերգային բազմաթիվ ծրագրերով, իսկ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ծրագրով, երգչախումբը Գավառից առաջ եղել է Գյումրիում՝ դարձյալ տարեցներին ոգևորելու և ուրախություն պարգևելու նպատակով:

Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրը ՆԱրէ երգչախումբն իր համերգային ծրագիրը կեզրափակի Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: