Անկախության տոնը Գավառում

21.09.2018

Գավառ քաղաքում ՀՀ Անկախության  27-րդ տարեդարձը նշվեց մեծ հանդիսավորությամբ: Միջոցառումը մեկնարկեց զինվորական քայլերթով: ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի N զորամասի փողային նվագախմբի  ուղեկցությամբ  Գավառի կենտրոնական հրապարակ մտան քաղաքի կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ներկայացուցիչները, քաղաքացիներ՝ Գավառից և հարակից համայնքներից: Տոնական քայլերթն ընդունեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

«Արդեն 27-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետության անցած կարճատև, բայց վայրիվերումներով լեցուն ուղին արժևորելուց առաջ կուզենայի, որ հիշենք ու արժանին մատուցենք Հայաստանի Առաջին Հանրապետությունը կերտողներին: Այսօր ես առանց երկմտելու հայտարարում եմ` դուք` հայրենիքում ապրողներդ եք մեր հանրապետության ամուր հիմքերը: Ապրելով և արարելով այստեղ` դուք մեր հանրապետությանը պարգևել եք այսօրվա զինվորին ու սպային, բժշկին ու ուսուցչին, ինժեներին ու գյուղատնտեսին, որոնք մեր պետության պաշտպաններն են և տնտեսության շարժիչ ուժը: Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով:Այսօրվա տոնը ձեր նվաճումն է: Հավատացնում եմ` միասին մեկ առ մեկ անցյալում ենք թողնելու տարիներով չլուծված խնդիրները և շուտով տոնելու ենք նաև մեր մարզի տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտների նվաճումները: Հաղթանակ բոլորիս», - իր խոսքը եզրափակեց մարզպետը:

Անկախության տոնի առթիվ ներկաներին շնորհավորեց և օրհնանքի խոսք հղեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:Ընթերցվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորանքի խոսքը: 

Շնորհավորանքներին հաջորդեց ծաղկեդրման արարողությունը: Միջոցռաման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին:

Այնուհետև Գավառի կենտրոնական հրապարակում մասնակիցները դիտեցին «Անկախության սերունդ» և «Հայաստանը առաջին հանրապետության տարիներին» ցուցահանդեսները, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների սաների կողմից ցուցադրության ներկայացված ձեռքի աշխատանքները, Գավառի մարզադպրոցի սաների ցուցադրական ելույթները:

ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված մարզային տոնական միջոցառումը նախաձեռնել և իրականացրել էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ,Գավառի քաղաքապետարանը և «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

Տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցների տարբեր խմբերի սաների գեղարվեստական կատարումներով: Տոնախմբության մասնակիցներին երաժտական կատարումներով ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանը և գուսան Հայկազունը: