Գեղարքունիքի մարզպետը շրջայց է կատարել Գավառ քաղաքում

09.07.2018

 Հուլիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկացությամբ եղավ  Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի նախկին 6-րդ մանկապարտեզի շենքում,  որը 2011 թվականից չի գործում, իսկ շենքը գտնվում է անբարեկարգ վիճակում: Մարզպետը վստահեցրեց  հացառատցիներին, որ Գավառի քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկա ամիսների ընթացքում  շենքի մի մասում հիմնանորոգման աշխատանքներ կատարելու և մանկապարտեզը վերաբացելու ուղղությամբ:  

Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում Իշխան Սաղաթելյանը մասնակցեց զոհված զինծառայող, Զոհրաբ Բալաբեկյանի անվան նախնական զինվորական պատրաստության հիմնանորոգված  դասասենյակի բացման հանդիսավոր արարողությանը:  Դպրոցի աշակերտները հյուրերին  ներկայացրին Զոհրաբի  կարճ, բայց՝ բովանդակալից  կենսագրությանը: Հուզումնալից մթնոլորտը իր խոսքով մեղմեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդու անունը կրող դասասենյակի հիմնանորոգումն ու կահավորումն իրակացվել է Գավառի համայնքի բյուջեի  միջոցներով: Այս առիթով Գավառի թիվ 8 միջն. դպրոցի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը դպրոցի աշխատակազմի անունից շնորհակալագիր հանձնեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին:

Դասասենյակի կարմիր ժապավենը կտրեցին մարզպետն ու Զոհրաբի մայրը: Հյուրերը շրջեցին դասասենյակում և ծաղիկներ խոնարհեցին Զոհրապ Բալաբեկյանի փառքի անկյունում:

Մարզպետն ու քաղաքապետը այցելեցին նաև Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմքից կառուցվող շենքի շինհրապարակ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ աշնանը: Ինչպես զեկուցեց շինարարության պատասխանատուն՝ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Աշխատանքային այցի շրջանակներում Գեղարքունի մարզպետ Իշխան Սաղաթելայնն ու Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը այցելեցին Գավառի մարզադպրոց, որտեղ մարզպետը ծանոթացավ մարզական խմբակների գործունեությանը, մարզիկների՝ հանրապետական ու միջազգային մրցաշարերում գրանցված նվաճումներին: Գավառի քաղաքային գրադարանում տնօրենը մարզպետին ներկայացրեց գրաֆոնդը, առանձին բաժինները, ցուցադրությունները, առաջիկա միջոցառումների թեմատիկան, ձեռք բերված հաջողությունները: Գրադարանի տնօրենության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց  սեպտեմբերի 21-ին՝  ՀՀ Անկախության տոնի առթիվ,   կազմակերպել գրքերի բացօթյա ցուցադրություն:  

Գավառի բազմաֆունկցիոնալ  երիտասարդական կենտրոնում  մարզպետի ուշադրությանը ներկայացվեց կենտրոնի  գործունեության  ուղղվածությունները, որոնք ընդգրկում են մշակութային, կրթական, ռազմահայրենասիրական, ձեռնարկատիրական և այլ ոլորտններ: Հյուրերը ծանոթացան նաև կենտրոնի  պայմաններին:   

Գեղարքունիքի մարզպետն   աշխատանքային այցն ավարտեց Գավառի քաղաքապետարանում: Նա շրջեց աշխատասենյակներով, ծանոթացավ քաղաքապետարանի աշխատակազմին և շնքային պայմաններին: