Հունիսի 1-ը Գավառում

04.06.2018

Գավառի քաղաքապետարանի, Գեղարեգ ԿՄԵ ՀԿ-ի և Գավառի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի համատեղ ջանքերով հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը,  Գավառում նշվեց մեծ շուքով: Օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Գավառի կենտրոնական հրապարակում  կազմակերպված հեծանվավազքով ու կրոսավազքով: Այստեղ իրեց ուժերը չափեցին Գավառի մարզադպրոցի մարզիկները:

 Տոնը շարունակվեց Գավառի մանկական այգում, որտեղ կազմակերպվել էր համերգ, կավճանկարչություն, բացօթյա նկարչություն մոլբերտների վրա, մարզական ցուցադրական ելույթներ և 8-10 տարեկանների շախմատի մրցաշար: Կազմակերպիչները արել էին   հնարավորը երեխաների տոնը գունագեղ ու հետաքրքիր դարձնելու համար:

Գավառի մանկական այգին վերածվել էր մանկական երջանիկ մոլորակի, որտեղ երեխաները խաղում էին, զվարճանում, երգում, պարում և օրվա առթիվ շնորհավորանքներ ընդունում:

Միջոցառման ընթացքում փոքրիկներին այցելեցին նաև հեքիաթների և մուլտֆիմերի հերոսները՝  ամբողջացնելով նրանց տոնական տրամադրությունը: Դե իսկ ամենասպասված անակնկալն էլ երեխաների համար պատրաստել էր Թամարա ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Աշոտ Դովլաթյանի. Երեխաները համտեսեցին Թամարա ընկերության պաղպաղակները: