ԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿ ՈՒ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

24.10.2014

2012 թվականից Գավառի քաղաքապետարանը համագործակցում է Քաունթերփարթ միջազգային կազմակերպության հետ: Վերջինիս կողմից համայնքի թաղամասերում  իրականացվել են հարցումներ, որի արդյունքում վեր են հանվել առկա հիմնախնդիրները: Դրանք ներկայացվել էր Համայնքային աշխատանքային խմբին, որն էլ քննարկելով նշված խնդիրները, ընտրեց առաջնահերթություն ներկայացնող խնդիրը եւ այն ներկայացվեց Քաունթերփարթ կազմակերպությանը:
Համաձայն ծրագրի կազմակերպությունը 6 200 000 դրամի դրամաշնորհ է հայտարարում, որի մեջ իր ներդրումը պետք է ունենա համայնքը: ՀԱԽ-ը որպես առաջնահերթություն ներկայացնող խնդիր ներկայացրեց Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի հատվածում “ Մանկական խաղահրապարակի եւ մարզահրապարակի” կառուցման ծրագիրը, որն էլ հավանության արժանացավ: Ծրագիրն արդեն ընթացքի մեջ է եւ սկսվել է շինարարությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12 641 428 դրամ, որից 6441428 դրամը ներդրել է քաղաքապետարանը: Մարզահրապարակը կունենա մանկական խաղասարքեր, նստարաններ, թենիսի կորտ, խաղադաշտ, որը կծառայի բասկետբոլի եւ վոլեյբոլի համար, որոնք կարող են օգտագործվել ինչպես ամենօրյա մարզումների եւ ժամանցի, այնպես էլ համայնքային առաջնությունների համար: Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել սեպտեմբերի 30-ին: Բազմաբնակարան շենքերի ու հարակից թաղամասերի  բնակիչներն անհամբերությամբ են սպասում շինարարության ավարտին, որպեսզի հետաքրքիր դարձնեն իրենց առօրյան: