"ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻ ԿԱՄ ԲՈՒՐԱՏԻՆՈՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ"

24.10.2014

Այս տարի առաջին անգամ ՀՀ Մշակույթի նախարարության եւ “Մշակութային կրթության աջակցության” հիմնադրամի կողմից կազմակերպվում է մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ փառատոնը:
Անդրանիկ մրցույթ- փառատոնին մասնակցում է նաեւ Գավառի արվեստի դպրոցը: Մայիսի 18-ին դպրոցի սաները հանդես եկան ռուս մեծ գրող Ա. Տոլստոյի “ Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները” երաժշտական բեմադրությամբ: Պարային եւ վոկալ բաժնի թվով 39 սաներ փայլեցին բեմում: Մյուզիքլը բեմադրել էր դպրոցի կազմակերպիչ Սիրանուշ Բոստանչյանը, իսկ պարերը` Մարիամ Նավասարդյանը: Մյուզիքլը բեմադրված էր ռուսերենով: Երաժշտական բեմադրությունը լիովին նորություն էր եւ այն հնարավորություն ընձեռեց ճանաչելու խոստումնալից սաներին, ծանոթանալու ողջ կոլեկտիվի կատարած աշխատանքներին: Մյուզիքլը դիտելու էր եկել ժյուրին, որի կազմում էին ծրագրի ղեկավար, “Մշակութային կրթության աջակցության” հիմնադրամի աշխատակազմի ղեկավար` Նաիրա Ներսիսյանը, Երեւանի` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր` Կարինե Առաքելյանը, Երեւանի` Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասախոս` Արմինե Անդրեասյանը, Արման Հարությունյանը: Ինչպես նշեց Նարիա Ներսիսյանը, բեմադրությունը փայլուն էր, երեխաները հանդես եկան ազատ եւ անկաշկանդ: “Անկեղծ ասած, անսպասելի էր, որ մարզերում այսպիսի հաջողված բեմադրություն պետք է տեսնեինք”, իր խոսքում նշեց նա եւ ավելացրեց, որ երեխաները երկորդ փուլի ժամանակ նույնպես հանդես կգան նման հաջողությամբ եւ կվերադառնան արժանի մրցանակով: Փառատոնի երկրորդ փուլը տեղի կունենա Համազգային թատրոնում` հունիսի 1-4-ը: