ԾԱՂԿԵԴՐՈՒՄ` ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

07.12.2017

Քսանինը տարի առաջ` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:  Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակ քաղաքի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ (12 բալանոց սանդղակում): 

Հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցհանրապետության հյուսիսային հատվածը: Այն ընդգրկել է Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1 մլն մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան է մնացել 514 հազար մարդ: Երկրաշարժի արդյունքում հիմնավորապես ավերվել էր Սպիտակ քաղաքը, ոչնչացվել էր  Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյումրու բնակարանային, սոցիալական և արտադրական ֆոնդի 80 տոկոսը:  Ավերածություններ էին տեղի ունեցել նաև հանրապետության երրորդ քաղաքում` Վանաձորում:

Պաշտոնական տվյալներով` զոհվել էր ավելի քան 25 հազար մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ: 19 հազար մարդ դարձել էր հաշմանդամ, 530 000 բնակիչ անօթևան էր մնացել: Փլատակներից հանվել է կենդանի 45000 մարդ, հոսպիտալացվել է 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս՝ հիմնականում ԽՍՀՄ առողջարաններ։

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը: Երկրաշարժը շարքից հանել էր հանրապետության արդյունաբերական պոտենցիալի մոտ 40 տոկոսը. դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Ուղիղ նյութական կորուստների արժեքը գնահատվում է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

Աղետի հետևանքների հաղթահարման գործում Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Աղետից տուժած Հայաստանի օգնության շտապող երկու ինքնաթիռ՝ հարավսլավական և խորհրդային, կործանվեցին անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով; 

Օրվա առիթով ծաղիկներ խոնարհվեցին Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում զետեղված հուշաքարին; Ծաղկեդրման արարողությանը հաջորդեց զոհերի հոգու հիշատակի պաշտոնի արարողությունը, որը կատարեցին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Կիրակոս Վարդապետ Դավթյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվներ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանն ու Տեր Ներսես քահանա Սահակյանը; Ծաղկեդրման և հոգեհանգստի պաշտոնի արարողությանը մասնակցեցին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ, քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների և քաղաքի հիմնարկ ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ; Նրանք կատարեցին նաև մոմովառություն` ի հիշատակ զոհերի հոգու հանգստի;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx