ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

24.10.2014

Արդեն 67-րդ Մայիսն են տոնում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակած և դրան հաջորդած բոլոր սերունդները: Այսօր տոնական տրամադրությամբ էր շնչում նաև Գավառ քաղաքը: Մեծ հայրենականի վետերանների հետ մայիսիննյան հաղթանակի բերկրանքը կիսում էին  Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերը, Գավառի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներն ու կրթամշակութային բոլոր հաստատությունների աշխատակիցներն ու առանձին քաղաքացիները: Նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին 1941-1945 թվականներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին` խոնարհվելով այն սխրանքի առջև, որով սովետական ժողովուրդը, այդ թվում նաև հայ ժողովրդի 600հզ. զավակները, նվաճեցին հաղթանակը:      
Պատերազմի մասին հուշերը, որքան էլ դրանք դառն ու ցավալի լինեն, տարվա մեջ մեկ օր` Մայիսի 9-ին դառնում են պայծառ, իսկ հաղթողի  հպարտությունը ևս մեկ անգամ լցնում է իրենց կյանքի մայրամուտն ապրող մարտիկների սրտերը: 
Տոնը շարունակվեց  Գավառի` Հ. Թալալյանի անվան  երաժշտական դպրոցում: Այստեղ` տոնական սեղանի շուրջ, քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Քաղաքապետը դրամական պարգևներ հանձնեց վետերաններին, Արցախյան ազատամարտին մասնակցած 1-ին կարգի հաշմանդամներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Հավելենք, որ ներկայումս Գավառի տարածաշրջանում ապրում են Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններ: