ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԱՎԱՌԻ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ

23.09.2017

Հայ Օգնության ֆոնդի գործընկերների և առանձին բարերարների աջակցությամբ արդեն ութ տարի է, ինչ վերանորոգման և կահավորման լուրջ աշխատանքներ են իրականացվում Գավառի հատուկ դպրոցում: ՀՕՖ-ի փոխտնօրեն, ծրագրերի տնօրեն Մարգարիտա Փիլիպոսյանի տեղեկացմամբ՝ կազմակերպության կողմից  դպրոցում իրականացվել են տանիքի, դռների և պատուհանների թարմացման, ներքին հարդարման աշխատանքներ, ստեղծվել, կահավորվել և համապատասխան սարքավորումներով համալրվել են ֆիզիկական վերականգնողական և հոգեբանական աջակցության սենյակները, վերանորոգվել և սարքավորումներով ապահովվել են փայտամշակման, կավագործության, կերամիկայի, կարի, ասեղնագործության և կոշկակարության արհեստանոցները, ճաշարանը, խոհանոցն ու սանհանգույցները: ՀՕՖ-ի անդամ, Գավառի հատուկ դպրոցի 10 ամյա բարեկամ, <<Գավառի հատուկ դպրոցի նյույորքյան գործընկերներ>> կազմակերպության միջոցների հաշվին այս տարի դպրոցում տեղադրվել է վերելակ, դպրոցի երթևեկող սաների համար տրամադրվել <<Գազել>> մակնիշի ավտոմեքենա: 

Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը այցելեցին Գավառի հատուկ դպրոց, որտեղ հանդիպում ունեցան դպրոցի սաների, մանկավարժների, հյուրերի, բարերարների և <<Գավառի հատուկ դպրոցի նյույորքյան գործընկերներ>> բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ղեկավար այրերը շրջեցին դպրոցում, ծանոթացան իրականացված աշխատանքներին, զրուցեցին հյուրերի հետ, այնուհետև դիտեցին հատուկ դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը: 

Գավառի հատուկ դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանի  ներկայացմամբ՝ այս ուստարում դպրոց  են հաճախում կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող 42 սաներ, որոնց զգալի մասը դպրոցում ընդգրկված են նաև տարբեր խմբակներում: Նրանց մի մասը երթևեկում են, իսկ զգալի մասը՝ գիշերում: Դպրոցի ֆիզկուլտուրայի  հարմարավետ դասասենյակում և վերականգնողական սենյակում վերապատրաստված մասնագետների օգնությամբ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները զբաղվում են վերականգնողական թերապիայով:

<<Գավառի հատուկ դպրոցի նյույորքյան գործընկերներ>> կազմակերպության ներկայացուցիչները վստահեցնում են, որ բարեգործական ծրագրերը դպրոցում կկրեն շարունակական բնույթ: <<Շենքի աշխատանքները ավարտված են, սակայն մեր գործը դեռ չի ավարտվել, ինչու՞, որովհետև երեխաներուն կխորհինք զանազան ծրագրերու մեջ բերել, որ օգնի նրանց զարգացմանը>>, -իր խոսքում նշեց <<Գավառի հատուկ դպրոցի նյույորքյան գործընկերներ>> կազմակերպության ղեկավար Գրիգոր Գրիգորյանը :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx