Եղեռնի թեմայով հուշ-ցերեկույթ Գավառի քաղաքային գրադարանում

21.04.2017

Գավառի քաղաքային գրադարանի աշխատակիցների, Գավառի դրամատիկական թատրոնի դերասանների, ուսանողների ու բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ: Ցերեկույթին ներկա էին Գավառի քաղաքապատարանի, քաղաքի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ ու բարձր դասարանների աշակերտներ:Միջոցառման ընթացքում նախ ներկայացվեց հայոց պատմության արյունոտ էջերը, որոնցով գրվել է Եղեռնի պատմությունը, այնուհետև՝ եղեռնին նվիրված հայ գրականության գլուխգործոցներից մեկի՝ Պարույր Սևակի <Եռաձայն պատարագի> ընթերցմամբ հանդիսատեսի մոտ ամբողջացավ ու ավելի պատկերավոր դարձավ Եղեռնը իր դաժանագույն դրսևորումներով: Ընթերցումն ուղեկցվեց թեմային վերաբերող տեսանյութերի և երաժշտական կատարումների ցուցադրմամբ; Միջոցառումն էլ ավելի խորհրդավոր դարձրեց սումգայիթյան ջարդերից մազապուրծ, ԱՄՆ-ում հանգրվանած, երգչուհի Լուսի Մունի ներկայությունն ու ելույթը, որը մեծ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: Լուսին համառոտ ներկայացրեց իր և իր ընտանիքի դեգերումների պատմությունը և իր <Դեր Զոր> երգը, որը նվիրված էր հայոց ցեղասպանությանը: Նա միջոցառման ավարտին ներկաներին իր ինքնագրով նվիրեց նաև իր երգերի ձայնասկավառակը: Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը շնորհակալություն հայտնեց ներկաներից մասնակցության համար և ներկայացրեց Եղեռնին վերաբերող գրքային ցուցահանդեսն ու գրադարանի թեմատիկ գրաֆոնդի համալրումը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx