ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.05.2019

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ  ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի շրջանավարտներ.

Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա՝ վերջին զանգի առթիվ: Սա մի օր է, որ մշտապես վառ է մնալու ձեր հուշերում, և սիրով ու ջերմությամբ է լցնելու ձեր կյանքը: Այս օրը դուք ամփոփում եք դպրոցական ձեր տարիները, իմի բերում ձեր արածն ու չարածը: Այսօրվանից դուք մուտք եք գործում նոր կյանք, որտեղ առանց ուսուցիչների ու առանց դպրոցի, արդեն ինքնուրույն քայլեր եք կատարելու: Մաղթում եմ, որ այդ քայլերը գիտակցված լինեն, ձեզ հաջողություններ բերեն և հանրօգուտ դառնան մեր երկրի համար:

Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին ու ուսուցիչներին և ցանկանում, որ ձեզանով հպարտանալու շատ առիթներ ունենան: Ուզում եմ, որ ձեր կյանքի ընթացքում հիշեք ու կարևորեք նրանց դերը, քանզի հենց նրանց կրթության ու դաստիարակության սերմերը պետք էծլարձակեն և ձեր լուսավոր ապագայի առատ բերքերն ապահովեն:

Սիրելի շրջանավարտներ, ցանկանում եմ, որ վստահաբար մուտք գործեք նոր կյանք, ձեր շրջապատի ու երկրի համար կարևոր մարդիկ դառնաք և ձեր հուշերում վառ պահեք ձեր դպրոցը, ուսուցիչներին ու դասընկերներին:

Կրկին անգամ շնորհավորում եմ և մաղթում բարի երթ…

Լավագույն ցանկություններով`

Գավառի քաղաքապետ` Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան