i14092121132355849609.jpg

ԹԱԴԵՎՈՍ ՆԻԿՈԼԱՅԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Թադևոս Նիկոլայի Նալբանդյան - վաստակաշատ լրագրող, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժուռնալիստների միության անդամ, պատերազմի վետերան, շուրջ հինգ հազար հոդվածների, ակնարկների, էսսեների, ֆելիետոնների հեղինակ, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի: Թադևոս Նալբանդյանը արժանացել է ,,Սովետական Հայաստան’’ թերթի խմբագրության, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժուռնալիստների միության, ինչպես նաև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերի, ,,Պատվո նշան’’, ,,Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի’’ շքանշանների և մեդալների: Թադևոս Նալբանդյանը ծնվել է 1913թ. մարտի 1-ին, Նոր Բայազետ /այժմ Գավառ/ քաղաքում: Սկզբնական կրթություն ստացել է Եղիսաբեթի տարրական դպրոցում, 1932թ. ավարտել է լուսժողկոմատի Նոր Բայազետ սոցկուլտբաժնի Անդրֆեդերացիայի 10-ամյակի անվան կոմունալ յոթնամյա դպրոցը: 1932թ. ընդունվել և 1935թ. գերազանցությամբ ավարտել է Նոր Բայազետի անասնապահական տեխնիկումի չորսամյա դասընթացը: 1939թ.առանց ընդունելության քննությունների ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժին: Թադևոս Նալբանդյանը աշխատել է որպես շրջժողկրթբաժնի ավագ տեսուչ, միջշրջանային կոլտնտեսային կադրերի պատրաստման դպրոցի տնօրեն, մանկատան ուսմասվար: Հայրենական ՄԵծ Պատերազմի առաջին օրերից, չնայաց ուներ տարեց մայր, հղի կին, 18 ամսեկան աղջիկ, որպես օջախի միակ զավակ` բանակից ազատվելու արտոնություն, բայց դիմումով ներկայանում է շրջզինկոմին` կամավոր բանակ մեկնելու համար: 1945թ. Թադևոս Նալբանդյանը առաջադրվում է ,,Սովետական Հայաստան’’ թերթի սեփական թղթակից: Շուրջ 41 տարի նա աշխատակցեց ,,Սովետական Հայաստան’’ թերթին` որպես Սևանի ավազանի հատուկ թղթակից: Նա անսպառ հիմնախնդիրներ առաջ քաշեց Նոր բայազետի, Մարտունու, Վարդենիսի և Սևանի նախկին վարչական շրջաններից, վեր հանեց այն հոռի բարքերն ու արատավոր երևույթները, որոնք անհարիր էին մեր պետությանն ու հասարակությանը: Իր հեղինակած հոդվածներում նա հավատում էր մարդկային երջանիկ հասարակության կառուցմանը և անհաշտ էր նրանց հետ, ովքեր առաջնորդվում էին սեփական շահերով և գրպանելու մոլուցքով: Նրա սիրտը թրթռացել է հասարակական ամեն մի նվաճումից ու հաջողություններից և տխրել, երբ անտարբերության կամ ապիկարության պատճառով մարդը հայտնվել է հիմնախնդիրների հորձանուտում: Իսկ այդ դեպքում անբասիր լրագրողին երբեք չի դավաճանել համարձակությունը: Նա չի բավարարվել լոկ հիմնախնդիրները վեր հանելով: Յուրաքանչյուր հիմնախնդրին եղել է հետամուտ` մինչև կարողացել է ինչ-որ կերպ լուծում տալ դրանց, , անշահախնդրորեն օգնել մարդկանց: Նա տասնամյակներ շարունակ իր գրիչը ծառայեցրեց հասարակական կյանքի առողջացմանը և իր հայրենիքի շենացմանն ու բարօրությանը: Ամենածանր ֆիզիկական աշխատանքներում թրծված, մեծ դժվարություններով կրթություն ստացած արհեստավորի որդին գրիչը գերադասեց արհեստից: Իննսուն տարին բոլորելուց հետո էլ նա չուզեց իրեն դուրս դնել լրագրողների ընտանիքից` հաճախակի թղթակցում էր ,,Գեղամա աշխարհ’’ մարզային թերթին: 2005թ. իր որդիներ Սերյոժա և Նիկոլայ Նալբանդյանների հովանավորությամբ լույս տեսավ ,,Հավատով ապրած ինը տասնյակ տարիներ’’ գիրքը: Թադևոս Նալբանդյանը գրում է. ,,հավատացած եմ, որ ,,Հավատով ապրած ինը տասնյակ տարիներ’’ գիրքը բացառիկ նվեր է սերունդներիս համար: Չէ որ տոհմի հարատևություն այլ կերպ չի կարող լինել, քան հիշողության պահպանումն է: Իսկ հուշամանրապատումներից բաղկացած այս գիրքը տարեցտարի ճյուղավորվող մեր գերդաստանին միշտ պատմելու է, թե որտեղից ենք եկել, ինչպես ենք ապրել, ինչ անուն ու դիրք ենք ունեցել, ինչ արժեքներ ու անուն ենք թողել:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx